ԱԿՆԱՇԵՆ – ԽԱԹՈՒՆԱՐԽ ՀՆԱՎԱՅՐ (ՀԱՅԱՍՏԱՆ)
Հնագիտական պեղումներ (2004 թ.-ից ի վեր)
Աշխատակազմ
Պեղումների պատասխանատուներ
Ռուբեն Բադալյան (ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտ, Երևան)
Արմինե Հարությունյան (ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտ, Երևան)
Մարդաբան
Լևոն Աղիկյան (ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտ, Երևան)
Ճարտարապետ
Լիլիթ Տեր-Մինասյան (ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտ, Երևան)
Հնակենդանաբաններ
Ադրիան Բալաշեսկու (Հունգարիայի Պատմության ազգային թանգարան)
Օղելիեն Քղեզյո (Լիոն քաղաքի Հնագիտական ծառայություն)
Վալենտին Ռադու (Հունգարիայի Պատմության ազգային թանգարան)
Հնաբուսաբան
Ռոման Հովսեփյան (ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտ, Երևան)
Հնադարյան քարե գործիքների մասնագետներ
Կարեն Ազատյան (ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտ, Երևան)
Ժակ Շաբո (Լավալի համալսարան, Քվեբեկ)
Հնադարյան ոսկրանյութերի մասնագետ
Ռոզալիա Քրիստիդու (UMR 5133, ArchéՕrient, Լիոն)
Հնադարյան մեծ քարե գործիքների մասնագետ
Կարոլին Համոն (UMR 8215 Trajectoires, Նանտեր)
Միջազգային և միջմասնագիտական մեր թիմը Ակնաշեն-Խաթունարխ հնավայրում հնագիտական աշխատանքներ է իրականացնում 2004 թվականից ի վեր:
Պեղումների նպատակն է վերհանել հուշարձանի ամբողջական շերտագրությունը` միաժամանակ ուսումնասիրելով սույն տեղանքի յուրացման հնագույն պատմությունն ավելի ընդարձակ մակերեսի վրա: Ակնաշեն-Խաթունարխ նեոլիթյան բլուր-բնակավայրի տարածքային կազմակերպումը և դրա հետագա դինամիկան հասկանալու համար 10 քառակուսի հատվածներ (յուրաքանչյուրը` 4,5 x 4,5 մ) են պեղվել բլրի (tell) գագաթին: 2014 թ.-ից այս տարբեր սեկտորների բաժանարար պատերը մաքրվել, հեռացվել են` համալիրի ընդհանուր պատկերը վերհանելու համար:
Բլրի հյուսիսային լանջին 415 սմ խորությամբ բացված տեղամասի (Ա) ուսումնասիրությունն ի հայտ բերեց մարդու կողմից այս տարածքի բնակեցման շարունակական, անընդհատ բնույթը նեոլիթից (VII-II հորիզոններ) մինչև էնեոլիթյան ժամանակաշրջան (I հորիզոն): Այս հատվածում գետնաջրերի բարձր մակարդակի պատճառով հնարավոր չեղավ հասնել ամենաստորին` «մայր» հողի շերտին:
էնեոլիթյան մշակութային շերտը (I հորիզոն) բնորոշվում է ճարտարապետական կառույցների բացակայությամբ, բուսական խառնուրդների օգտագործմամբ պատրաստված խեցեղեն նյութի առատությամբ և հազվադեպ ոսկրե գործիքներով:
Նեոլիթյան շերտերում (VII-II հորիզոններ) հարդախառն կավաշաղախով պատրաստված շինությունների խիտ ցանց է բացվել, որոնք շրջանաձև կամ օվալաձև հատակագիծ ունեն` բազմաթիվ օժանդակ կառույցներով (քարե օջախներ, պահեստներ, սիլոսահորեր և այլն): Խեցեղեն նյութը` հիմնականում անօրգանական բաղադրության, հազվադեպ է ստորին շերտերում: Վանակատե գործիքները և ոսկրե իրերը լիառատ և բազմազան են:
IV հորիզոնում արձանագրվել է շինությունների խիտ համակարգ` բաղկացած հիմնականում կորաձև, հարդախառն կավաշաղախ պատերից, որոնք պատկանում են վերոնշյալ շրջանաձև և օվալաձև կառույցներին: Այս շինարարական հորիզոնը խաթարվել է հետագա թաղումների և կենդանիների կողմից փորված փոսերի, թաքստոցների պատճառով, որոնք ձևափոխել են պատերը տարբեր հատվածներում, ինչը բարդացնում է կառույցների հատակագծի վերակազմությունը: Կավածեփ պատերը` 30-35 սմ լայնությամբ, տեղ-տեղ` 40-45 սմ, բարդ ձևով են միմյանց հետ կապակցվում և միշտ չէ, որ բնականորեն հատվում են պեղամասերի եզրային հատվածներում:
V հորիզոնն ընդհանուր առմամբ կրկնում է վերին` IV հորիզոնի հատակագիծը և պարունակում է մի շարք հում աղյուսե (pisé) շրջանաձև շինություններ` խմբավորված անշեն, ամայի մի տարածքի շուրջ` պեղամաս 1-ում:
2015 թվականին այս հնավայրում և առաջին անգամ Հայաստանում բացվել է մ.թ.ա. 6-րդ հազարամյակի սկզբով թվագրվող մշակութային հորիզոն (VII): Նեոլիթյան այս նոր շերտում (VII հորիզոն) ուղղանկյուն հատակագծով մի շինություն է բացվել, որն իր նախադեպը չունի Ակնաշեն հնավայրում, քանզի վերին շերտերում միայն շրջանաձև կառույցներ են արձանագրվել: Հնագիտական այս առաքելությանը զուգահեռ իրականացված պալեոմիջավայրային ուսումնասիրությունների շնորհիվ պարզվել է, որ սույն բնակատեղին հիմնվել է ցամաքած մի լճի ճահճային նստվածքների վրա` ըստ «մայր» հողի շերտում պարունակվող կապույտ կավե նստվածքների: Արարատյան դաշտավայրում նեոլիթիզացման գործընթացի սկզբնական փուլն արձանագրող այս մշակութային շերտը (VII հորիզոն) կարող է աննախադեպ տվյալներ հաղորդել «Առատաշեն-Շուլավերի-Շոմութեփե» մշակույթի ի հայտ գալու վերաբերյալ: Հարավկովկասյան տարածաշրջանում տվյալ մշակութային փուլը մինչ այս հայտնի էր միայն Կուր գետի հովտի ադրբեջանական հատվածում: Այդ պատճառով հույժ կարևոր է ընդլայնել այս պեղավայրի տարածքը (մոտ 250 մ2):
OpenEdition vous propose de citer ce billet de la manière suivante :
Bérengère Perello (16 mars 2021). ԱԿՆԱՇԵՆ – ԽԱԹՈՒՆԱՐԽ ՀՆԱՎԱՅՐ (ՀԱՅԱՍՏԱՆ). Mission Archéologique Caucase. Consulté le 10 novembre 2024 à l’adresse https://doi.org/10.58079/rgpd