Մոտ քսան տարուց ի վեր «Կովկաս» հնագիտական առաքելությունը գործում է ֆրանսիական արշավախմբերի` գլխավորապես CNRS-ի (Գիտական հետազոտության ազգային կենտրոն Ֆրանսիայում), և ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի հայկական արշավախմբերի համատեղ գործունեության շրջանակներում:
Սույն հնագիտական ծրագրի մեկնարկին (1997 թ.) հարավկովկասյան նախկին խորհրդային հանրապետությունների (Հայաստան, Վրաստան, Ադրբեջան) նախապատմական մշակույթների մասին գիտելիքները շատ նախնական և թերի էին: Ուստի տվյալ ծրագիրը խիստ նորարարական էր տարածաշրջանում: Վերջին երկու տասնամյակներն աչքի են ընկել հնագիտական հետազոտությունների ակտիվացմամբ` հատկապես միջազգային համագործակցությունների շնորհիվ, որոնց մեջ ուշագրավ են ֆրանսիական ծրագրերը («Բոյուկ-Կեսիկ» հնագիտական առաքելություն, Ադրբեջան, ղեկ.` Բ. Լիոննե, այնուհետև` Ջ. Պալումբի, Ֆ. Գուլիև; «Արաքսի ավազան» հնագիտական առաքելություն, Նախիջևան, Ադրբեջան, ղեկ.` Կ. Մառռո և Վ. Բախշալիև): Այս տարբեր նախագծերը, մեծաքանակ հնագիտական նյութ ընձեռելուց բացի, նպաստել են նաև տարածաշրջանային հետազոտական հիմնախնդիրների շուրջ քննարկումների խթանմանը, ինչի մասին են վկայում այդ թեմաներով վերջերս կայացած տարաբնույթ հավաքներն ու գիտաժողովները:
Հետազոտությունների խթանման այսպիսի համատեքստում են ընթանում մեր ներկայիս աշխատանքները: Վերջիններս առավել ևս կարևոր են, քանզի, ի տարբերություն Վրաստանի և Ադրբեջանի, Հայաստանում իրականացվող հնագիտական աշխատանքները սակավաթիվ են, ինչը բացատրվում է մասամբ այն դժվարություններով, որոնց երկիրը բախվում է 1991 թվականից ի վեր` շուկայական տնտեսության իր անցումային փուլում:
Արդեն քսան տարուց ի վեր «Կովկաս» հնագիտական առաքելությունը «Արագած» ծրագրի (Կոռնելի համալսարանի և ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի միջև համագործակցություն) հետ մեկտեղ ապահովում է նախապատմական Հայաստանին վերաբերող ամենաշատ գիտական տվյալները: Այն մեծապես նպաստել է նախապատմական Հայաստանի հնագիտական մշակույթների բացարձակ ժամանակագրության համակարգի մշակմանը` տրամադրելով արխեոմետրիայի մեթոդներով կատարված ավելի քան երեք հարյուր հնագիտական թվագրումներ:
Ֆրանսիայի Արտաքին գործերի և Եվրոպական հարցերի նախարարությունն իր քսանամյա աջակցությամբ, ինչպես նաև CNRS-ն իր ծրագրերի միջոցով (Միջազգային Միացյալ Լաբորատորիա – LIA NEHMA 2010-2013, NHASA 2015-2018 («Բնական աղետների ռիսկերը և ադապտացման ռազմավարությունները Հայաստանում մ.թ.ա. 10.000 թվից մինչև մեր օրեր»)) մեծապես նպաստել են Հայաստանում հնագիտական և պալեոլանդշաֆտին վերաբերող հետազոտությունների զարգացմանը: